Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ալեն Ղուլյան. Ադրբեջանական բանակի ներքին ճգնաժամը և սահմանային վտանգները

11.11.2026 15:58
Ալեն Ղուլյան. Ադրբեջանական բանակի ներքին ճգնաժամը և սահմանային վտանգները

Ադրբեջանական զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական ծանր վիճակը, համակարգային դեդովշչինան և անպատժելիությունը պարբերաբար հանգեցնում են ողբերգական ելքերի ու դասալիքության նոր դեպքերի, ինչը լուրջ սպառնալիք է պարունակում նաև սահմանամերձ բնակավայրերի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը՝ ներկայացնելով խորքային վերլուծություն և փաստեր.

«Տխուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե ադրբեջանական բանակի սահմանամերձ կամ ուղղակի առաջնագծում ծառայող այն զինծառայողները, որոնք դառնում են դեդովշչինայի, համակարգային չկարգավորված հարաբերությունների ու կամայականության զոհ, չեն ինքնասպան լինում և եթե նրանց ժամանակին չեն հայտնաբերում փախուստի դիմելիս, ապա մեծ մասամբ նրանք փորձում են փախչել ու անցնել Հայաստանի (նախկինում՝ նաև Արցախի) սահմանը։ Նման դեպքեր շատ կան։

Ընդ որում, Հայաստանի հետ սահմանը հատելիս նման դասալիքները մահացու վտանգ են ներկայացնում սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Գտնվելով ոչ ադեկվատ վիճակում՝ նրանք զինված հարձակումներ, մահափորձեր ու սպանություններ են գործում խաղաղ բնակիչների դեմ։ Նախիջևանի առանձին համազորային բանակը բացառություն չէ։ Այնտեղ դասալիքության, շորթումների, չկարգավորված հարաբերությունների և դեդովշչինայից մահացության մակարդակն այնքան բարձր է, որքան ադրբեջանական բանակի այլ զորամասերում՝ անկախ նրանից՝ դրանք տեղակայված են Բաքվի խորը թիկունքում, թե Արցախի օկուպացված տարածքներում։

Ադրբեջանական մեդիառեսուրսներում երեկ տեղեկատվություն հայտնվեց, որ Նախիջևան քաղաքի մոտ գտնվող «Սախիլ» զբոսայգում հայտնաբերվել է հոկտեմբերին բանակ զորակոչված զինծառայող Էլնար Տագիևի դին։ Մահվան պատճառ են նշում ինքնասպանությունը՝ այն կապելով զորամասում գործադրված հոգեբանական ճնշման հետ։

Նախիջևանի հետ սահմանակից Հայաստանի շրջաններում տեղի բնակիչները պետք է ծայրաստիճան զգույշ լինեն։ Ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչ է կատարվում այս կամ մյուս զորամասերի պատերի ներսում և մինչև ինչ աստիճանի են այնտեղ հասցնում զինվորներին, և հայտնի չէ, թե հուսահատության հասցված քանի ժամկետային զինծառայող է հենց հիմա պլանավորում փախուստ... Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը ադրբեջանական բանակից հերթական զինված փախստականը չի ցատկի սահմանն ու չի հայտնվի նրանց շեմին։ Եվ այո, այն երկու զինծառայողները (Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը), որոնք 2023 թվականի ապրիլին փախել էին իրենց զորամասից և սպանել Հայաստանի խաղաղ բնակչին, իսկ ավելի ուշ Նիկոլի ռեժիմի կողմից նվիրվեցին բաքվյան ռեժիմին, նույնպես ծառայում էին Նախիջևանի զորամասերից մեկում։

Հ.Գ. Ի դեպ, սա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն առնվազն երկրորդ նման հայտնի դեպքն է․ հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի Շամքիրի շրջանում Պետսահմանապահ ծառայության զորամասում հրազենային վիրավորմամբ գտել են զինծառայող (ազգությամբ թալիշ) Օրխան Շաբանովի դին»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է