«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հասունացող ներքին լարվածությանը և մրցակցությանը։ Ըստ պարբերականի՝ 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ լարվածություն է նկատվում Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ալեն Սիմոնյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված քննադատական տեսանյութով կիսվելն ու այն հանրայնացնելը բացասական արձագանք է գտել նույնիսկ կուսակցակիցների շրջանում։ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահվածքը որակվել է որպես ոչ թիմային և առաջացրել է որոշների խիստ դժգոհությունն ու նյարդայնությունը։
Կուսակցական շրջանակներում նույնիսկ հեգնել են, թե նման գործելաոճի փոխադարձության դեպքում Սիմոնյանը ծանր բացահայտումների պատճառով ամենօրյա դեպրեսիա կապրեր։ Այս արձագանքների ֆոնին Ալեն Սիմոնյանը ստիպված է եղել երկու ուղիղ եթերով հանդես գալ՝ փորձելով արդարացնել քայլը և ափսոսանք հայտնել ստացված արձագանքների համար։ Ակնկալվում է, որ նրա այս պահվածքը կարող է քննարկման առարկա դառնալ կուսակցության առաջիկա նիստերից մեկում։