Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ալեքսանդր Պանկին. «Հայաստանը ԵՄ անդամակցության հայտից առաջ պետք է հանրաքվե անցկացնի»

09.11.2026 10:44
Ալեքսանդր Պանկին. «Հայաստանը ԵՄ անդամակցության հայտից առաջ պետք է հանրաքվե անցկացնի»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է կազմակերպվի նախքան պաշտոնական հայտ ներկայացնելը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությունը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ստացվող իրական տնտեսական առավելություններն օգտագործվում են այլ ինտեգրացիոն ուղի անցնելու անորոշ գաղափարն առաջ մղելու համար։ Դիվանագետն ընդգծել է, որ տրամաբանական հանգուցալուծումը ժողովրդի կամքի արտահայտումն է հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե նախ հայտ ներկայացնելը, ինչի մասին հրապարակայնորեն խոսում է Երևանը։

Անդրադառնալով տնտեսական անվտանգության հարցերին՝ Պանկինը հիշեցրել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների հանձնարարությամբ պատրաստված զեկույցի մասին, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքներին։ Նա նշել է, որ այդ սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ Միության անդամ պետությունների տնտեսական ռիսկերը չեզոքացնելու համար, մինչդեռ Մոսկվան դեռևս կառուցողական ազդակներ չի ստանում հայկական կողմից։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է