Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ Մայր Աթոռի բարերար Աշոտ Թունյանի ուղեկցությամբ։
Ամերիկացի գործիչները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նրանք այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ տեղում ծանոթանալու Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանն ու առաքելությանը։
Զրույցի ընթացքում հատուկ ընդգծվել է Հայ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում։
Կողմերը կարևորել են քրիստոնեական արժեքների նշանակությունը հասարակության կյանքում՝ առանձնակի շեշտելով երիտասարդ սերնդի բարոյական ու հոգևոր դաստիարակությունը և նրանց ակտիվ ներգրավվածությունը եկեղեցական կյանքին։