Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

16.10.2026 15:45
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է փոխանցել կազմակերպության ներկայացուցիչներին՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող հետևողական ջանքերի համար։ Նորին Սրբությունը հատկապես կարևորել է միջազգային ատյաններում ազգային հիմնախնդիրների և կրոնական ազատությունների պաշտպանության բարձրաձայնումը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև «Save Armenia»-ի աջակցությամբ կազմակերպված Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսին՝ ընդգծելով, որ «Մշո ճառընտիրի» փրկության պատմությունը հայ ժողովրդի աննկուն կամքի և հոգևոր արժեքների պահպանման լավագույն վկայությունն է։

Իր հերթին դոկտոր Փոլ Մյուրեյը ներկայացրել է կազմակերպության ընթացիկ ծրագրերը՝ հավաստիացնելով, որ շարունակելու են աջակցել հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում Եկեղեցու առաքելությանը, միջկրոնական երկխոսությանն ու Եկեղեցի-պետություն հարաբերություններին։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է