Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի ռազմավարական կղզուն․ Օրմուզի նեղուցում իրավիճակը պայթյունավտանգ է

03.11.2026 11:59
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի ռազմավարական կղզուն․ Օրմուզի նեղուցում իրավիճակը պայթյունավտանգ է

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Օրմուզի նեղուցում տեղակայված իրանական Քեշմ կղզուն այն բանից հետո, երբ Իրանի զինվորականները կրակ են բացել ամերիկյան թռչող ապարատի ուղղությամբ։ Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան աղբյուրները նշում են, որ հարվածը կրել է պաշտպանական հայեցակարգ և չի նշանակում Իրանի դեմ կանոնավոր ռազմական գործողությունների վերսկսում կամ լայնամասշտաբ էսկալացիայի սկիզբ։

Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղական աղբյուրները, հայտնել է Քեշմ կղզում առնվազն հինգ պայթյունի մասին։ Բնակիչների փոխանցմամբ՝ պայթյունների պահին երկնքում նկատվել է երկու թռչող ապարատ։ The Wall Street Journal-ն իր հերթին հավելում է, որ հարվածների նպատակը եղել է Օրմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի հնարավորությունների չեզոքացումը։ Ի տարբերություն նախորդ միջադեպերի, ամերիկյան կողմն այս անգամ պաշտոնական հայտարարություն չի տարածել, իսկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել իրադարձությունը։

Իրավիճակը թեժացել էր այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Օրմուզի նեղուցից արևելք ամերիկյան MQ-9 հետախուզահարվածային հարվածային անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ կիրառելով հակաօդային պաշտպանության նոր համակարգ։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ Քեշմ կղզուց հարավ խոցել է ամերիկյան ևս երկու MQM-170 հետախուզական անօդաչու սարք։

Օրմուզի նեղուցի մուտքի մոտ գտնվող Քեշմ կղզին ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի համար․ այնտեղ տեղակայված են խոշոր ստորգետնյա հրթիռային համալիր, ռազմածովային բազա և ջրի օպտիմալացման ու աղազերծման խոշոր գործարան։ Ամերիկյան զինուժը նախկինում ևս թիրախավորել է այս կղզին, իսկ Վաշինգտոնում նույնիսկ քննարկվել են դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունները։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է