«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով վերջինս հորդորել էր ընտրություններում ճնշումների ենթարկված թեկնածուներին ու ընտրողներին դիմել իրեն: Գևորգյանն իր տեսաուղերձում պնդել է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում մի շարք քաղաքացիներ աշխատանքից ազատվել են կամ ենթարկվել են վարչական ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով:
Որպես կոնկրետ օրինակ՝ պատգամավորը նշել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի դեպքը, ում, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու պատճառով՝ պատճառաբանելով, թե ում հետ նկարվել է, թող նա էլ աշխատանք տա: Բացի այդ, Գևորգյանը բարձրաձայնել է Ստեփանավանի պոլիկլինիկայի երկարամյա աշխատակիցներ, բուժքույրեր Մանուշակ Լալազարյանի և Օլգա Սահակյանի մասին, ովքեր նույնպես դուրս են մնացել աշխատանքից քաղաքական հայացքների կամ ղեկավարության ճնշումների հետևանքով:
Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերը բազմաթիվ են, և աշխատանքից ազատվել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես արմատներով Տաշիրից են: Նա նաև հիշատակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքը՝ առաջարկելով մանրամասների համար դիմել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին: