ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Truth Social-ի իր էջում հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել անհապաղ «էներգետիկ հրադադար» հաստատելու շուրջ։
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է «էներգետիկ հրադադար»: Երկու կողմերն էլ համաձայնություն են տվել։ Մի՛ խախտեք այն»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Մոսկվայից դեռևս պաշտոնական հաստատում չկա։
Ամերիկյան Axios պորտալի լրագրողի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ սկզբում տեղյակ չի եղել այս հայտարարությունից, սակայն պատրաստ է համաձայնել։ Ավելի ուշ Զելենսկին X-ի իր միկրոբլոգում պաշտոնապես արձագանքել է լուրին․
«Ուկրաինան լիովին աջակցում է այս հրադադարին, և կարևոր է, որ Ռուսաստանը ևս աջակցի դրան։ Մենք սպասում ենք մանրամասների ամերիկյան կողմից։ Մեր կողմից Ուկրաինան միշտ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ աջակցում է դեէսկալացիայի քայլերին, մարդկային կյանքերի պաշտպանությանը և պատերազմի ավարտին ու երկարաժամկետ խաղաղության երաշխիքներին անհրաժեշտ լուծումներին»։
Հիշեցնենք, որ մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, թե Կիևը պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, միայն եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումներն ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Զուգահեռաբերաբար, ABC News-ին տված հարցազրույցում Զելենսկին անդրադարձել է նաև երկրում հնարավոր ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ պատրաստ է կազմակերպել դրանք, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի, ինչպես նաև ապահովվի անվտանգության անհրաժեշտ ենթակառուցվածքը։