Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է տասնամյակներ տևած հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների ակտիվացման հարցը: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև փոխգործակցությունը պետք է խորացվի, քանի որ «այս խնդիրը հնարավոր է լուծել միայն համագործակցության միջոցով»։
Այս հայտարարությունները հնչել են Բաքվում ընթացող համաժողովի ավարտին, որտեղ ադրբեջանական կողմը ներկայացրել է երկկողմ շփումների որոշ մանրամասներ։ Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը տեղեկացրել է, որ 2025 թվականի փետրվարից երկու երկրների հանձնաժողովները գտնվում են ուղիղ կապի մեջ։ Ըստ նրա՝ հայկական կողմը հունվարին փոխանցել է 50 անհետ կորած էթնիկ հայերի ԴՆԹ տվյալներ, սակայն համընկնումներ հայտնաբերված աճյունների հետ չեն գրանցվել։ Միևնույն ժամանակ, Բաքուն Երևանին է փոխանցել 1990-ականների առաջին Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած համարվող 834 ադրբեջանցիների ցուցակը։
Անհետ կորածների ճակատագրի պարզումը ներառված է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ հոդվածում։ Այն կողմերին պարտավորեցնում է տեղեկատվություն փոխանակել, աջակցել որոնողական աշխատանքներին և աճյունների վերադարձին։ Իլհամ Ալիևն իր ուղերձում ընդգծել է, որ այս հարցի լուծումն էական է վստահության ձևավորման համար, մինչդեռ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու և այս մարդասիրական էջը փակելու ուղղությամբ։