Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետության տարածքում եղանակային պայմանները կտրուկ փոխվում են։ Նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից սկսած և նոյեմբերի 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, իսկ նոյեմբերի 9-ի ցերեկը՝ միայն Սյունիքի մարզում, սպասվում են տեղումներ։ Մասնավորապես, լեռնային և նախալեռնային գոտիներում անձրևին կհաջորդի թաց ձյուն, իսկ մայրաքաղաք Երևանում ևս գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյան տեղումներ։
Միաժամանակ, օդերևութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում, որը նոյեմբերի 8-ի ցերեկը և 9-ին առանձին շրջաններում կարող է հասնել 16-19 մ/վ արագության։ Կապված ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-4, իսկ նոյեմբերի 9-10-ի գիշերային ժամերին՝ միանգամից 9-11 աստիճանով։
Արդեն նոյեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների, պարզ եղանակ։