Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության ու փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք բարձր է գնահատվել բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ փոխգործակցությունն ու միմյանց ցուցաբերվող աջակցությունը։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային կապերի ակտիվացմանը։ Կողմերը դիտարկել են նաև արդիական ու ռազմավարական նշանակություն ունեցող՝ արհեստական բանականության (ԱԻ) ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունները։
Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի համերաշխությունը առկա մարտահրավերների հանգուցալուծման հարցում և վերահաստատել աջակցությունը տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերին։