Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի հետ

01.11.2026 14:21
Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի հետ

«Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով միջազգային գործընկերների կառուցողական դերակատարության կարևորությունը խաղաղության օրակարգի առաջմղման գործում:

Բացի այդ, Արարատ Միրզոյանն ու Բադր Աբդելատին անդրադարձել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է