Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հայտարարելով նկատողություն։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, կարգապահական վարույթը հարուցվել էր ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու պատճառով։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդել են, որ նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում՝ պատճառաբանելով, որ 2018 թվականին հարուցված գործը քննվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ ինքը 2008-2020 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է եղել որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման փաստով նախաձեռնված քրեական վարույթ, ինչպես նաև դատավորը աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել տվյալ գործով հանրային մեղադրողի հետ։ Լիազոր մարմնի գնահատմամբ՝ դատավորը հիմնվել է օրենսդրությունից չբխող պատճառաբանությունների վրա և հրաժարվել արդարադատություն իրականացնելուց, ինչն օբյեկտիվորեն նվազեցրել է հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Դատավոր Գևորգ Մանուկյանը, սակայն, չի ընդունել իրեն վերագրվող խախտումը՝ ընդգծելով, որ ԱՆ-ն աղավաղել է իր կայացրած որոշման հիմքերը։ Նա պարզաբանել է, որ ինքնաբացարկի հիմքում ընկած է եղել ոչ թե քննչական վարչությունում աշխատելու լոկ փաստը, այլ այն հանգամանքը, որ իրեն մակագրված գործով իրեղեն ապացույց թմրամիջոցի անհետացման առթիվ քննիչների անփութության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մանուկյանը նշել է, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար լիազոր մարմինը պետք է ներկայացնի ծանրակշիռ փաստեր, ոչ թե ենթադրություններ, այդուհանդերձ ԲԴԽ-ն որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը։