Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում լարված իրավիճակ է ստեղծվել։ Գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հատուկ տեխնիկայի միջոցով պատից հեռացվել է երկար տարիներ այնտեղ գտնվող Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված մեծադիր պատկերը, ինչը բնակիչների մոտ մեծ զայրույթ է առաջացրել:
Գյուղացիները, տեղեկանալով, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեռացնել նկարը, 2-3 օր հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ՝ փորձելով թույլ չտալ դրա ապամոնտաժումը։ Պատկերի հեռացումից հետո բնակիչները սպառնում էին դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ փակել ճանապարհները, սակայն այս պահին ձեռնպահ են մնում՝ սպասելով պատկերի հետագա ճակատագրին վերաբերող որոշմանը։
Գյուղի բնակիչները առաջարկում են, որ եթե նկարը հեռացվել է դպրոցից, գոնե այն տեղադրվի Արտենիում՝ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։