Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, դարձյալ հարձակման են ենթարկվել քաղաքացիական առևտրային նավեր, որոնցից մեկը սուզվել է։ Հոկտեմբերի 13-ի գիշերը առաջին տագնապի ազդանշանն ստացվել է Մալթայի դրոշի ներքո նավարկող ուկրաինական «Չելսի 3» (Chelsea 3) նավից։ Միջադեպի մասին հայտնել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը։
Բուլղարական հեռագրական գործակալության (ԲՏԱ) փոխանցմամբ՝ «Չելսի 3» նավը ենթարկվել է օդային երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման Բյալա քաղաքից 18 ծովային միլ դեպի արևելք։ Նավի անձնակազմի բոլոր 15 անդամներին՝ Ուկրաինայի 7 և Ադրբեջանի 8 քաղաքացիների, հաջողվել է փրկել․ նրանք տեղափոխվել են Վառնայի նավահանգիստ։ Նրանցից 5-ը ստացել են թեթև վնասվածքներ։
Երկրորդ հարվածը հասցվել է Կրապեց բնակավայրից 17 ծովային միլ դեպի արևելք․ ըստ բուլղարական լրատվամիջոցների՝ Սենթ Քիթս և Նևիսի դրոշով նավարկող Azov Concord նավը սուզվել է։ AFP գործակալության տվյալներով՝ փրկվել է 5 մարդ, իսկ 11-ը համարվում են անհետ կորած։
Բուլղարիայի վարչապետն անընդունելի է համարել առևտրային նավագնացության դեմ նման ոտնձգությունները և նշել, որ թեև ուղղակի ապացույցներ դեռ չկան, սակայն «տրամաբանությունը հուշում է», որ տեղի ունեցածը ձեռնտու է Ռուսաստանին։ Ռադևը հայտարարել է ՌԴ դեսպանին կանչելու մտադրության մասին։ Դեպքի առնչությամբ Սոֆիան արդեն դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ քննարկել է իրավիճակը Բուլղարիայի վարչապետի հետ և չի բացառել Սև ծովում դաշինքի պաշտպանական միջոցառումների վերանայումն ու ուժեղացումը։