Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Բելառուսը 25 դատապարտյալի է ազատ արձակել, ԱՄՆ-ն էլ որոշ պատժամիջոցներ կվերացնի

17.09.2026 00:55
Բելառուսը 25 դատապարտյալի է ազատ արձակել, ԱՄՆ-ն էլ որոշ պատժամիջոցներ կվերացնի

Բելառուսը 25 դատապարտյալի է ազատ արձակել, ինչի դիմաց ԱՄՆ-ն կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, Մինսկում երկրի ղեկավարության հետ երեկ բանակցելուց հետո այսօր հայտնել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը:

Ջոն Քոուլը սոցցանցում լուսանկար է հրապարակել ազատ արձակվածների հետ և նշել, որ կշարունակեն բարելավել ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները և ապահովել, որ ավելի շատ մարդ ազատ արձակվի ապագայում։ «Մենք դեռ չենք ավարտել»,- գրել է նա։

Ամերիկացի պաշտոնյան մինչ այդ՝ բանակցություններն ամփոփելիս էր հայտարարել, որ դատապարտյալներ ազատ կարձակվեն:«Մենք համաձայնության ենք եկել միջանկյալ համաձայնագրի շուրջ: Որպես բարի կամքի դրսևորում, Բելառուսը կազատի 25 մարդու, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ն կվերացնի երկու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,- ասել էր Ջոն Քոուլը։Ընկերություններից «Լակոկրասկան», զբաղվում է ներկերի և լաքերի արտադրությամբ: Մյուսը՝ «Բելեսբումպրոմը», փայտամշակման ոլորտի ձեռնարկությունների կոնցեռն է:Ամերիկացի պաշտոնյան ասել էր, որ քննարկել են նաև միջազգային հարաբերությունները, երկկողմ հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է