Բելգիայում երկուշաբթի օրը հանրային հատվածի աշխատանքը մասամբ կանգ է առել, քանի որ արհմիությունները կազմակերպել են համազգային գործադուլի երկրորդ օրը՝ ընդդեմ կառավարության նախատեսած բյուջետային կրճատումների։ Իրավիճակը սրվում է վարչապետ Բարտ Դե Վևերի նկատմամբ աճող քաղաքական ճնշման ֆոնին, քանի որ բյուջետային համաձայնագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։
Երկուշաբթի օրվա գործադուլին նախորդել էր նախորդ շաբաթվա վերջին Բրյուսելում տեղի ունեցած բազմահազարանոց զանգվածային բողոքի ակցիան, որն ավարտվել էր ցուցարարների փոքր խմբի և ոստիկանությանմիջև բախումներով։ Թեև երկուշաբթի օրը մայրաքաղաքում խոշոր ցույցեր չէին նախատեսվել, գործադուլը լուրջ խափանումներ է առաջացրել ողջ երկրի հանրային ծառայություններում։ Խաթարվել է երկաթուղային և հասարակական տրանսպորտի, հանրային հեռարձակողի ու դպրոցների աշխատանքը։
Արհմիությունների այս ակցիաները տեղի են ունենում այն պահին, երբ ֆլամանդացի աջակողմյան քաղաքական գործիչ Դե Վևերը բախվում է լուրջ տարաձայնությունների կոալիցիոն գործընկերների հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ նոր ֆեդերալ բյուջեի շուրջ, ինչի պատճառով Դե Վևերը ստիպված է եղել չեղարկել խորհրդարանում նախատեսված իր ամենամյա ուղերձը։
Վարչապետը հայտարարել է, որ բյուջետային ցավոտ միջոցառումներն անհրաժեշտ են հիմա՝ պետական պարտքի և տոկոսադրույքների աճող պարույրից խուսափելու համար, որն հակառակ դեպքում ծանր բեռ կդառնա ապագա սերունդների համար։ Բելգիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բյուջեի շուրջ համաձայնությունը կարող է հետաձգվել մինչև հոկտեմբերի վերջ կամ նոյեմբերի սկիզբ, իսկ տևական տարաձայնությունները սպառնում են խախտել կառավարական կոալիցիայի կայունությունը։