«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց են ուղղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ։ Հետաքրքրությունը կապված է եղել «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի աղմկահարույց գործի հետ, որով Մելքոնյանը երկու անգամ ազատ է արձակել Ստեփանյանին՝ կիրառելով տնային կալանք, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը երկու դեպքում էլ բեկանել է այդ որոշումները, ինչից հետո Ստեփանյանը երրորդ անգամ է կալանավորվել։ Լրագրողների հարցին, թե արդյոք դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կա, նախարարը պատասխանել է. «Իսկ ի՞նչ գիտեք, որ նրա վերաբերյալ կարգապահական վարույթ չկա», այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ վարույթ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ։
Այս իրադարձությունների ֆոնին պարբերականը ուսումնասիրել է դատավոր Մասիս Մելքոնյանի անցած ճանապարհն ու ունեցվածքը։ Ըստ հրապարակման՝ Մելքոնյանը 1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում որպես քննիչ և քննչական բաժանմունքի պետ, իսկ 2014 թվականին երկարամյա ծառայության կապակցությամբ անցել է կենսաթոշակի՝ ստանալով ոստիկանության մայորի կոչում։ Դրանից հետո նա զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ, իսկ 2019-2023 թվականներին ծավալել է փաստաբանական գործունեություն։ 2023 թվականի մայիսին իրավունքի ուժով ստանձնել է դատավորի պաշտոնը, ընդ որում՝ helpcourt.am-ի տվյալներով նրա մասնագիտական վարկանիշը -2 է։
Ինչ վերաբերում է դատավորի ֆինանսական դրությանն ու ունեցվածքին, ապա նրա հայտարարագրում առկա է անշարժ գույքի 3 միավոր՝ անհատական բնակելի տուն ու հողամաս Աբովյան քաղաքում (ձեռք բերված 2023 թվականի դեկտեմբերին) և բնակարան Երևանում (ձեռք բերված 2019 թվականին)։ Մելքոնյանն ունի 2000 թվականի արտադրության VAZ և 2003 թվականի Volkswagen ավտոմեքենաներ, ինչպես նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2012 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։
Ըստ օրաթերթի ուսումնասիրության՝ 2025 թվականի ընթացքում Դատական դեպարտամենտից նրա ստացած աշխատավարձային եկամուտը կազմել է 14 միլիոն 93 հազար դրամ։ Միևնույն ժամանակ, դատավորն ունի խոշոր վարկային պարտավորություն․ 2025 թվականի տարեվերջի դրությամբ բնակելի տան կառուցապատման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 72 միլիոն 836 հազար դրամ, մինչդեռ բանկային հաշիվների, կանխիկ դրամի կամ ավանդների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում նշված չեն։