Երևանում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, ազդարարվել է բնապահպանական ֆինանսավորմանն ուղղված միջազգային նոր նախաձեռնության մեկնարկը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծել է տնտեսական քաղաքականությունն ու պետական աջակցության մեխանիզմները կենսաբազմազանության պահպանման նպատակներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։
ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի նախագահությամբ մշակված նախաձեռնությունը ներառում է երեք առանցքային բաղադրիչ՝ «Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը»։ Դրանք նպատակաուղղված են բնության համար վնասակար սուբսիդիաների աստիճանական վերացմանն ու դրական տնտեսական խթանների ընդլայնմանը։
Միջազգային հարթակում մեկնարկած այս ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի, ՏՀԶԿ-ի և Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, իսկ «18-րդ թիրախի բարեկամների» նախաձեռնության առաջին համանախագահությունը ստանձնել են Կոլումբիան և Ֆինլանդիան։