Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Ձեռդ իջացրու, դու ստախոս ես»․ Շինարարների փողոցում իրավիճակը չի հանդարտվում

13.10.2026 12:58
«Ձեռդ իջացրու, դու ստախոս ես»․ Շինարարների փողոցում իրավիճակը չի հանդարտվում

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ Դեպքի վայր է ժամանել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանը, ով հայտարարել է, որ ինքը տվյալ թաղամասի բնակիչ է և ներկա է որպես տեղացի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն իշխանական պատգամավորին ներկայացրել է, որ տարածք է շտապել քաղաքացիների ահազանգով։ Ըստ նրա՝ տնտեսվարողներն ունեն սեփականության վկայականներ, սակայն տարածքը հանրային գերակա շահ են ճանաչել ու քանդում են առանց որևէ փոխհատուցում տրամադրելու։

Ի պատասխան՝ Լևոն Լևոնյանը նշել է, որ եթե առկա է դատարանի որոշում, ապա այդ շինությունների մասով որևէ գործողություն չի իրականացվի, սակայն կանաչապատ գոտիները չեն կարող սեփականաշնորհվել․ «Մենք հիմա վերականգնում ենք հանրային շահը։ Ես ինքս այս թաղի բնակիչ եմ, առևտուր անելուց տոպրակները ձեռքս թեք եմ քայլում, քանի որ մայթերին տեղ չկա»։

Մեսրոպ Մանուկյանի պահանջին՝ ցույց տալ կրպակների ապօրինի լինելու մասին որոշումը, միջամտել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ Խոսակցությունը վերածվել է տաք վեճի, որի ընթացքում թաղապետը կրկին մեղադրել է Մանուկյանին անձնական շահեր պաշտպանելու մեջ։

Մանուկյանը կոշտ հակադարձել է վարչական շրջանի ղեկավարին՝ հորդորելով ձեռքը իջացնել և խորհուրդ տալով այդ տոնով խոսել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ նկատելով, որ թաղապետին սովորեցնողները վատ են սովորեցրել։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է