Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատապարտել երկու տարվա ազատազրկման, սակայն սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի։
Ավելի վաղ մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել էր պատգամավորի նկատմամբ նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող և նրանց օրինական շահերին վնաս հասցնող տեղեկություններ հրապարակելու համար։ Միջադեպը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությանն ու ՍԴ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը։