Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել

08.11.2026 19:09
Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել

Կահիրեից հարավ գտնվող Ալ-Այյատ շրջանում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով չորս վագոն դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է մոտ 150 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավասու աղբյուրներին։

Եգիպտոսի երկաթուղիների ազգային վարչության տվյալներով՝ Գիզայից դեպի Ալ-Ֆայյում ընթացող թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի հետնամասին։ Միջադեպը տեղի է ունեցել Կաֆր Ամար և Ռակկա կայարանների միջև ընկած հատվածում։

Փրկարարական աշխատանքների ընթացքում տուժածների թիվը պարբերաբար թարմացվել է․ սկզբում հաղորդվում էր 60, ապա՝ 140, իսկ վերջին տվյալներով՝ շուրջ 150 վիրավորի մասին։ Թեև առանձին աղբյուրներ նախնական տեղեկություններ են տարածել թիվ 134 գնացքի մեքենավարի մահվան մասին, պաշտոնական գերատեսչությունները, այդ թվում՝ Առողջապահության նախարարությունը, զոհերի վերաբերյալ դեռևս հստակ տվյալներ չեն հրապարակել։

Դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 50 շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև տեղի բնակիչների տրանսպորտային միջոցներ՝ տուժածներին հիվանդանոցներ տեղափոխելու համար։ Մարդկանց մեծ մասը ստացել է կոտրվածքներ և տարբեր աստիճանի սալջարդեր։

Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ և վթարային բրիգադներ։ Կահիրե - Ասուան գծով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հանձնարարել է մանրամասն քննություն սկսել աղետի պատճառները պարզելու համար։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է