Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Երևանում կայացել է Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

10.11.2026 18:22
Երևանում կայացել է Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտներում երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը՝ կարևորելով նպաստավոր միջավայրի ստեղծումը։ Մասնակիցները միջկառավարական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում կյանքի կոչելու արդյունավետ հարթակ։

Իր խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացի բոլոր երկրների համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է զարգացնելու տարածաշրջանային կապակցվածությունը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, և այդ համատեքստում արժևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանձնաժողովի նիստի ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է