Երևանում ներկայացվեց Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման և հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը։ Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։ Այս մասին հայտնում են «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունից։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո խաթարվեց նաև մշակութային ժառանգության բնական փոխանցման շարունակականությունը։ Բարբառը, բանահյուսությունը, ծեսերն ու սովորույթները, երգն ու երաժշտությունը, ավանդական գիտելիքն ու առօրյա մշակույթի բազմաթիվ դրսևորումներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են իրենց բնական միջավայրում, այսօր պահպանման և փաստագրման առանձնահատուկ կարիք ունեն։