Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Եվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է»․ Վլադիմիր Մարտիրոսյանի վերլուծությունը

19.10.2026 13:19
«Եվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է»․ Վլադիմիր Մարտիրոսյանի վերլուծությունը

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ՝ անդրադառնալով Եվրամիությանն ինտեգրվելու շուրջ հայաստանյան քաղաքական դիսկուրսին, Եվրոպայում ծավալվող սոցիալ-տնտեսական բողոքի ալիքին և Հայաստանի համար դրանցից բխող իրական մարտահրավերներին։

Մարտիրոսյանի համոզմամբ՝ Եվրոպան որպես պատրաստի բարեկեցություն կամ «երկնքից ընկնող մանանա» ներկայացնելը քաղաքական պոպուլիզմ է, որը շրջանցում է եվրոպական համակարգի ներքին հակասություններն ու ինտեգրման իրական գինը։ Որպես օրինակ նա վկայակոչում է Ֆրանսիայում ծավալված զանգվածային բողոքի ակցիաներն ու անկարգությունները՝ ընդգծելով, որ եվրոպացիներն իրենք են այսօր փողոց դուրս գալիս կյանքի թանկացման, կրթական ու սոցիալական համակարգերի խնդիրների պատճառով։

Քաղաքագետը նկատում է, որ երբ սոցիալական դժգոհությանը հաջորդում են փողոցային անկարգություններն ու բռնությունը, իշխանությունները, մասնավորապես Էմանուել Մակրոնը, հնարավորություն են ստանում փոխել հանրային քննարկման թեման․ սոցիալական խնդիրների լուծման պահանջը մղվում է երկրորդ պլան, իսկ իշխանությունը ներկայանում է որպես հասարակական կարգի և անվտանգության միակ երաշխավոր։

Անդրադառնալով Հայաստանին՝ Վլադիմիր Մարտիրոսյանը շեշտում է, որ եվրոպական ինտեգրումն ինքնին ո՛չ պետական ռազմավարություն է, ո՛չ տնտեսական ծրագիր, ո՛չ էլ անվտանգության երաշխիք։ Ըստ նրա՝ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ իրատեսական օրակարգ, հստակ հաշվարկել ամեն մի պարտավորության արժեքն ու սահմանափակումները՝ չկորցնելով սեփական շահերը պաշտպանելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է