Ֆրանսիայում աշակերտների ու վարժարանների (լիցեյների) սաների բողոքի ակցիաները վերաճել են լայնամասշտաբ փողոցային բախումների։ Շաբաթվա սկզբից ի վեր իրավապահները բերման են ենթարկվել ավելի քան 5000 ցուցարարի։ Ցույցերը, որոնք սկիզբ էին առել Փարիզի շրջանում ուսումնական հաստատությունների շրջափակմամբ, արագորեն տարածվել են ողջ երկրով մեկ՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բռնի բախումներով, հրդեհումներով ու վանդալիզմով։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի փոխանցմամբ՝ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը բերման է ենթարկել 1747 քաղաքացու, իսկ 158 ուսումնական հաստատությունների մերձակայքում արձանագրվել են «քաղաքային բռնության» դեպքեր։ Ընդհանուր առմամբ, բողոքի գործողություններն ու դասապրոցեսի խափանումները ազդել են ավելի քան 700 կրթական օջախների վրա։
Բողոքի ալիքի հիմնական պատճառը կրթական համակարգի խորը ճգնաժամն է․ աշակերտներն ու մանկավարժները պահանջում են ավելացնել ոլորտի ֆինանսավորումը, լուծել ուսուցիչների կտրուկ պակասը, բարելավել դպրոցների շենքային պայմաններն ու թեթևացնել գերբեռնված դասարանները։ Օրինակ՝ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում ուսուցչական հաստիքների զգալի մասը ամիսներով թափուր է մնում, ինչի պատճառով դասերը պարբերաբար չեղարկվում են։ Շարժման համար առիթ էր դարձել նաև Կրետեյի Lycée Saint-Exupéry վարժարանի ուսուցիչների ցույցը, որին միացել էին աշակերտները։
Որոշ քաղաքներում ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից․ Նանտում հրդեհի հետևանքով վնասվել է Lycée Nelson-Mandela վարժարանը, հրկիզվել են աղբամաններ, վնասվել հանրային գույքն ու հարձակումներ գործվել փրկարարների վրա։ Իշխանություններն ավելացրել են փողոցներում հասարակական կարգը պահպանող հատուկ ստորաբաժանումների ներկայությունը։
Ստեղծված իրավիճակում կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հանդիպել է արհմիությունների, ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Դրանից հետո կրթության ոլորտի 6 խոշոր արհմիություններ, ուսանողական և աշակերտական միավորումների հետ մեկտեղ, հայտարարել են բողոքի ցույցերի նոր փուլի մասին, որը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ից։