Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորությամբ։
Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել հիմնադրամի մարդասիրական առաքելությունը և կրթության, գիտության ու մշակույթի զարգացմանն ուղղված գործունեությունը՝ առանձնակի կարևորելով Հայաստանի և Սփյուռքի համայնքների զորացման նախաձեռնությունները։
Անդրադառնալով Մայր Աթոռի հետ երկարամյա համագործակցությանը՝ Հայոց Հայրապետը հիշատակել է դեռևս 1954 թվականին Մայր Տաճարի վերանորոգմանը, Վանատան կառուցմանը և Գևորգյան հոգևոր ճեմարանին ցուցաբերված աջակցությունը։ Վեհափառն ընդգծել է Մայր Տաճարի առաքելությունը ազգային ինքնության պահպանման գործում և բարեմաղթանքներ հղել հիմնադրամին՝ Գալուստ Գյուլբենկյանի տեսիլքն իրագործելու ճանապարհին։