Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայ դատը պահանջում է ՄԱԿ-ից մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը

07.11.2026 13:41
Հայ դատը պահանջում է ՄԱԿ-ից մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը պաշտոնական և խիստ հայտարարությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ու կազմակերպության անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով կտրականապես մերժել Թուրքիայի կողմից առաջադրված Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում: Կառույցի գնահատմամբ՝ միջազգային այս կառույցի ղեկավարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում, մինչդեռ Սինիրլիօղլուի երկարամյա գործունեությունն ուղղակիորեն հակասում է այդ չափանիշներին:

Հայտարարության մեջ մանրամասն ներկայացված են այն փաստարկները, որոնք բացառում են վերջինիս պաշտոնավարման հնարավորությունը: Մասնավորապես, հիշեցվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման երրորդ շաբաթում, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, Սինիրլիօղլուն պաշտոնական նամակ է հղել գլխավոր քարտուղարին (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024), որտեղ բացահայտորեն ժխտել է 1915 թվականի իրադարձությունների ցեղասպանական բնույթը՝ այն որակելով որպես «օրինական բանավեճի» առարկա: Ավելին, այդ նամակում նա անհիմն էր որակել հակամարտության գոտում սիրիացի վարձկանների առկայության մասին հաստատված տեղեկությունները և առանց ապացույցների թիրախավորել հայկական սփյուռքի կառույցները:

Հեղինակավոր կառույցը ուշադրություն է հրավիրել նաև նրա անցյալի այլ դրվագների վրա: Նշվել է, որ 2010 թվականին, զբաղեցնելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարի պաշտոնը, նա անձամբ գործուղվել է Վաշինգտոն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայ-թուրքական արձանագրությունների և Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ աշխատելու համար: Իսկ 2026 թվականի հուլիսին, արդեն որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, նա սկանդալային հայտարարություն էր արել՝ հայտնելով, թե «կուսումնասիրի» Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն աջակցելու հնարավորությունը, ինչը խիստ դատապարտվել էր միջազգային իրավապաշտպան ու կրոնական կազմակերպությունների կողմից:

Հայ դատի կենտրոնական խորհուրդը շեշտում է, որ Սինիրլիօղլուն ի վիճակի չէ ապահովել ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածով պահանջվող քաղաքական անկախությունն ու չեզոքությունը, քանի որ հանդիսանում է նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձը: Հաշվի առնելով, որ Թուրքիան հանդիսանում է Կիպրոսի, Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների առանցքային դերակատար կամ կողմ՝ նման թեկնածուի հաստատումը կործանարար ուղերձ կհղի միջազգային հանրությանն ու զանգվածային վայրագություններից վերապրածներին:

Կառույցը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և բոլոր պետություններին հետևողական լինել, բացառել ցեղասպանությունները ժխտող անձանց առաջխաղացումը և պահանջել Սինիրլիօղլուց հրապարակաբար պարզաբանել իր դիրքորոշումը:


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է