Ադրբեջանը բազմիցս է զգուշացրել, որ Հայաստանում և հայկական սփյուռքում «ռևանշիստական ուժերը դեռ ուժեղ են» և փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Դուբայում Արաբական լրատվամիջոցների ֆորումի շրջանակում Euronews-ի կազմակերպած պանելային քննարկմանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ղեկավարությունը ևս պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»:
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղ ժամանակ, ինչը դժվարին պայքար է», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը որպես իր պատմության մաս, չնայած Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվողները պարբերաբար ահազանգում են, որ Ադրբեջանը համակարգված ձևով հողին է հավասարեցնում հայկական մշակութային կոթողները: