Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանը մասնակցում է Քիշնևում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը

10.11.2026 11:46
Հայաստանը մասնակցում է Քիշնևում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը

Նոյեմբերի 9-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ» միջոցառման շրջանակում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Միջոցառման հիմնական նպատակն է համախմբել Եվրոպական միության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թվային փոխակերպման պատասխանատու նախարարներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։

Հանդիպման օրակարգում ընդգրկված առանցքային թեմաներից են ենթակառուցվածքային և կարգավորիչ կապակցվածությունը, տարածաշրջանային թվային ենթակառուցվածքների զարգացումը, անվտանգ թվային կապի ապահովումը, արհեստական բանականության էկոհամակարգերի զարգացումն ու վստահելի թվային ենթակառուցվածքների ձևավորումը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Տրանսկասպյան միջանցքի երկայնքով թվային կապակցվածության զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Մասնավորապես, «Արհեստական բանականություն» խորագրով պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացման առաջնահերթություններին և փոխգործակցության նոր հնարավորություններին։

Նշենք, որ այսպիսի ձևաչափով առաջին նախարարական հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է