Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանը պլանավորում է խստացնել քաղաքացիություն ստանալու կանոնները․ DW

01.10.2026 15:18
Հայաստանը պլանավորում է խստացնել քաղաքացիություն ստանալու կանոնները․ DW

Հայաստանը կանգնած է քաղաքացիության շնորհման ընթացակարգերի էական փոփոխությունների շեմին։ Նախատեսվող օրենսդրական բարեփոխումների համաձայն, որոնք խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2028 թվականի հունվարի 1-ից, արտերկրի հայերի համար չեղարկվելու է քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը։

Deutsche Welle (DW) պարբերականի փոխանցմամբ՝ նոր կանոններով սփյուռքահայերը ՀՀ անձնագիր ստանալու համար ստիպված կլինեն երկրում օրինական հիմքերով բնակվել առնվազն երկու տարի և ֆիզիկապես Հայաստանի տարածքում գտնվել ոչ պակաս, քան 366 օր։ Մյուս բոլոր դիմորդների համար կսահմանվի մշտական բնակության 5 տարվա պահանջ։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը DW-ի հետ զրույցում պարզաբանել է, որ փոփոխությունների նպատակը քաղաքացիության հայեցակարգի վերանայումն է, որպեսզի ապահովվի պետության և քաղաքացու միջև իրական ու կենսական կապը։ Նրա խոսքով՝ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ապրել Հայաստանի Հանրապետությունում։

Քաղաքացիության ինստիտուտի վերանայումից առաջ իշխանություններն արդեն սահմանափակել էին նաև ընտրական իրավունքը․ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել միայն այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարում առնվազն 366 օր ֆիզիկապես բնակվել են Հայաստանում, ինչը պատասխան էր արտերկրից ընտրողների կազմակերպված տեղափոխման վերաբերյալ տեղեկություններին։

DW-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշել է, որ անձնագրերի տրամադրման բարդացումը պայմանավորված է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին գործոններով։ Ըստ փորձագետի՝ իշխանությունները ձգտում են հեռացնել սփյուռքը քաղաքական գործընթացներից, ինչպես նաև հաշվի են առնում հարևան երկրների դիրքորոշումները, որոնք շահագրգռված են հայկական աշխարհի հատվածավորմամբ։


 

 


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է