«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում քննարկվել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի վարքը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Լևոնյանը։ Նա, միաժամանակ տեղեկացրեց, որ հանձնաժողովում Ավետ Կոնջորյանին առնչվող վարույթ չկա։
«Եզրահանգում չունենք, քանի որ չունենք նախաքննություն, երբ լինի նախաքննություն, ավարտին կլինի նաև եզրահանգում»,- ասաց ՔՊ-ական պաշտոնյան։
Արդյո՞ք հանձնաժողովում քննարկմամբ՝ վարույթ հարուցել-չհարուցելու վերջնական որոշում կայացվել է, Լևոն Լևոնյանն ասաց, որ պատասխանը նեղ կուսակցական տեղեկություն է ենթադրում, ինչը չի կարող հրապարակել։ «Գուցե, սպասենք նախաքննական մարմինների կողմից լինեն որոշակի հաստատումներ կամ հստակեցնումներ, նոր վերահսկող հանձնաժողովը կգործադրի իր լիազորությունները»։