Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հորմուզի հարցով հանդիպումը հետաձգվել է, Իրանը 77 նավի «սև ցուցակ» է հրապարակել

14.09.2026 16:55
Հորմուզի հարցով հանդիպումը հետաձգվել է, Իրանը 77 նավի «սև ցուցակ» է հրապարակել

Հորմուզի նեղուցով նավագնացության հարցը քննարկելու նպատակով Օմանում Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, սոցցանցում հայտնել է Օմանի արտգործնախարարը։«Կոնսենսուսը պահպանելու նպատակով Սալալա քաղաքում նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր տարածաշրջանում կայունությանը և երկարատև համագործակցությանը նպաստող երկխոսության խթանմանը»,- գրել է Բադր Ալբուսաիդին:

Իրանի Արտգործնախարարության Պարսից ծոցի հարցերով բաժնի ղեկավարը «Ֆարս» գործակալությանն ասել է, որ հանդիպումը հետաձգվել է «Թեհրանի ու Մասկատի համատեղ որոշմամբ և տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով»։ Թե կոնկրետ որ երկրների, պաշտոնյան չի նշել: Սակայն Իրանի արգործնախարարության խոսնակը հստակեցրել է, որ այն չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիներն անցած շաբաթ հարվածներ էին հասցրել ԱՄՆ դաշնակից և հարևան Սաուդյան Արաբիային, գրավել Եմենում Կարմիր ծովի՝ ողջ ափամերձ հատվածը, ինչի հետևանքով Էլ-Ռիադը կարող է լուրջ խնդիրների բախվել իր նավթն ասիական երկրներ արտահանելու գործում:Էսմայիլ Բաղային հերքել է լուրերը, թե Թեհրանը տեղյակ է եղել կամ որևէ դեր է խաղացել Սաուդյան Արաբիայի ռազմավարական Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա հութիների հարձակմանը: Բաղային ասել է, որ Իրանը Եմենի իրադարությունների հետ առնչություն չունի, ապա պնդել է՝ Մերձավոր Արևելքում իսլամական երկրների միջև բախումները միայն մեկ երկրի են ձեռնտու՝ Իսրայելին:«Տարածաշրջանում իսլամական երկրների միջև պատերազմն ունի միայն մեկ հաղթող, և դա միայն սիոնիստական ռեժիմն է, որը ձգտում է մեր տարածաշրջանում և իսլամական երկրների միջև լարվածությունն ու անկայունությունը դարձնել մշտական»,- հայտարարել է Էսմայիլ Բաղային:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է