Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայան, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշմանը, վերահաստատել է Իրանի սկզբունքային մոտեցումը՝ երկխոսության և դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը մշտապես պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերն ու ներուժը՝ հակամարտությանը վերջ տալու համար։
Բաղայան նշել է, որ վերջին 12 տարիների զարգացումները ցույց են տվել, որ օտարերկրյա միջամտությունը, ռազմական մոտեցումը և շրջափակումը չեն կարող լուծել Եմենի ճգնաժամը։ Նրա խոսքով՝ Եմենի ժողովուրդն արդեն ավելի քան մեկ տասնամյակ դիմակայում է ծովային և օդային անարդար շրջափակմանը, որը կազմակերպվել է արտատարածաշրջանային դերակատարների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից։ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ տարածաշրջանի և իսլամական աշխարհի երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այս իրավիճակին վերջ տալու համար։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցչի այն պնդումներին, թե Իրանը խրախուսում է եմենցիներին հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա՝ Բաղայան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Նա շեշտել է, որ Եմենի զինված ուժերը գործում են սեփական շահերից ու գնահատականներից ելնելով, և նման պնդումներն անհիմն են Իրանի ու նրա դաշնակիցների հարաբերություններին ծանոթ շրջանակների համար։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը վերահաստատել է, որ Եմենի խնդրի կարգավորումը պահանջում է հարգանք երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ներքին գործերին միջամտության դադարեցում և, ամենակարևորը, օդային ու ծովային շրջափակման վերացում։ Նա հավելել է նաև, որ Թեհրանը լարվածության էսկալացիան չի համարում որևէ կողմի շահերից բխող։