«Իսայաս» փոթորիկը Ֆլորիդայի ափերին հասնելուց և որոշակիորեն թուլանալուց հետո շարունակում է մոլեգնել ԱՄՆ հարավ-արևելքում՝ առաջացնելով փոթորկալից ալիքներ, հեղեղումներ, ավերիչ քամիներ և պտտահողմերի առաջացման լուրջ սպառնալիք։ Այս մասին հայտնում է Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC)։
Մասնագետները զգուշացնում են զգալի ավերածությունների մասին Ալաբամայի հարավում, Ֆլորիդայում և Ջորջիայի հարավ-արևմուտքում։ Բացի այդ, Ֆլորիդայի, Ջորջիայի և Կարոլինայի որոշ հատվածներում պահպանվում է պտտահողմերի (տորնադո) առաջացման բարձր ռիսկը։
Ալաբամայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության փոխանցմամբ՝ տապալված ծառերն ու վնասված էլեկտրասյուները լուրջ վտանգ են ստեղծել երթևեկության համար։ Հուստոն շրջանում, որտեղ հեղեղումների վտանգ է հայտարարված, անվտանգության նկատառումներից ելնելով բոլոր ճանապարհները փակվել են երթևեկության համար։
PowerOutage.us պորտալի տվյալներով՝ փոթորկի հարվածի հետևանքով Ֆլորիդայում ավելի քան 430,000, իսկ Ալաբամայում շուրջ 297,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը հայտնել է, որ Ֆլորիդայում և Ալաբամայում հաստատվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ՝ հետևանքների վերացման համար ֆեդերալ ռեսուրսներ ներգրավելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին, և այն գտնվում է վերահսկողության տակ։ Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում և պահպանել անվտանգության կանոնները։