Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի

15.10.2026 11:31
Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի

ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ի նիստում, պատրաստվում է հանրային գերակա շահ ճանաչել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորումների՝ հանրության գերակա շահի սկզբունքը պետությանը թույլ է տալիս միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների՝ անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է շուրջ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել էր ընկերության բաժնետոմսերն օտարել իր հետ համաձայնեցված կարգով։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար առաջարկվել էր 380,000 դոլար։ Պետությունը համաձայնել էր բաժնետոմսերի դիմաց վճարել 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձնի վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոն դրամը։ «Տաշիր կապիտալ»-ն այս առաջարկը որակել էր «ծիծաղելի ու անտրամաբանական»։

Կառավարության այս որոշմամբ դեռևս չի սահմանվում Կարապետյաններին տրվելիք փոխհատուցման չափը։ Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտել է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների ու ծախսերի փոփոխություններ։ Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի առաջարկվելիք փոխհատուցման չափին, կարող է այն վիճարկել դատական կարգով։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է