Հայաստանի բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ հարուցված քրեական գործով նախատեսված դատական նիստը չի կայացել մեղադրող դատախազների և տուժողի չներկայանալու պատճառով։ Դատարանի որոշմամբ՝ գործով հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ դատախազության չներկայանալը պատահական չէ և միտված է դատավարական գործընթացը միտումնավոր ձգձգելուն։ Ըստ նիստերի քարտուղարի հրապարակած տեղեկության՝ մեղադրող դատախազը բացակայում է այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով, սակայն պաշտպանական կողմն այս հիմնավորումը կասկածելի է համարում։ Արա Զոհրաբյանի խոսքով՝ քրեական գործով ներգրավված է մի քանի մեղադրող դատախազ, և անհասկանալի է, թե ինչպես կարող է ամբողջական դատախազությունը հղվել նման պատճառաբանությամբ՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով նման հանրային հնչեղություն ունեցող դատական գործընթացը։
Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ Վեհափառ հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմքից։ Հիշեցնենք, որ քրեական հետապնդումը սկսվել էր այն բանից հետո, երբ քաղաքացիական գործով հայցվոր Արման Սարոյանը վիճարկել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի այն տնօրինությունը, որով իրեն ազատել էր պաշտոնից, և դատարանը որպես հայցի ապահովման միջոց կիրառել էր նախնական արգելք՝ չխոչընդոտելու նրա պաշտոնավարմանը։ Դատախազությունը, սակայն, Վեհափառ հայրապետի կողմից Սարոյանին կարգալուծ հռչակելու հանգամանքը մեկնաբանել էր իբրև դատական ակտի կատարմանը խոչընդոտելու փորձ՝ քրեական հետապնդում հարուցելով ինչպես կաթողիկոսի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների նկատմամբ, որոնք զուտ մասնակցել և քվեարկել են ներեկեղեցական կանոնադրական որոշումների կայացմանը։
Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ վերջերս դատական համակարգն ինքը փաստեց, թե նման ներեկեղեցական վեճերը դատարանի քննության առարկա չեն կարող լինել, և համապատասխան դատական գործի վարույթը կարճվել է։ Այսինքն՝ ի սկզբանե բացակայել է հանցակազմը, սակայն բարձրաստիճան հոգևորականները շարունակում են մնալ արհեստական սահմանափակումների տակ։ Մասնավորապես, նրանք զրկված են Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու հնարավորությունից, ինչը կոպտորեն խոչընդոտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջազգային հովվական առաքելությանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արտասահմանյան թեմերի բնականոն գործունեությանը։
Անդրադառնալով գործի հնարավոր հետևանքներին՝ պաշտպանական կողմը նշել է, որ դատավարության անհիմն ձգձգումը հետապնդում է հոգևորականությանը շարունակական ճնշման տակ պահելու նպատակ։ Միևնույն ժամանակ, եկեղեցին հետագայում իրավական հստակ հարցադրումներ է ներկայացնելու պետական մարմիններին՝ այս ամբողջ ժամանակահատվածում ապօրինի ֆինանսական միջոցների կառավարման, վատնման և թեմերի զավթման գործողությունների առնչությամբ՝ պահանջելով լիարժեք իրավական պատասխանատվություն։