Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Լատվիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը վարչապետ Կուլբերգսի կուսակցությունն է

04.10.2026 07:07
Լատվիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը վարչապետ Կուլբերգսի կուսակցությունն է

Լատվիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլերի տվյալներով՝ առավելագույն աջակցությունն է ստացել աջպահպանողական «Միացյալ ցուցակ» կուսակցությունը, որը գլխավորում է գործող վարչապետ Անդրիս Կուլբերգսը։ Հոկտեմբերի 3-ին կայացած քվեարկության ընթացքում նրանց օգտին է քվեարկել ընտրողների 35,6%-ը, հայտնում է LSM լատվիական հանրային հեռարձակողը։

Աջ պահպանողականներին հաջորդում է գործարար Այնարս Շլեսերսի «Լատվիան առաջին տեղում» պոպուլիստական կուսակցությունը, որն ընտրարշավի ընթացքում փորձում էր ստանալ ռուսալեզու ընտրողների աջակցությունը։ Էքզիթ-փոլերի համաձայն՝ այն ստացել է քվեների 11,3%-ը։ Երրորդ տեղում «Պրոգրեսիվներ» արևմտամետ կուսակցությունն է՝ 11,1% ցուցանիշով։

Սեյմ կարող են անցնել ևս երեք քաղաքական ուժեր, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը՝ «Ինքնիշխան իշխանություն / Երիտասարդ լատվիացիների միավորում» (10,8%), ազգայնական-պահպանողական «Ազգային միավորում» (8,7%) և լիբերալ-պահպանողական «Նոր միասնություն» (6,7%) կուսակցությունները։

Գործող իշխող կոալիցիայի չորս կուսակցություններից խորհրդարան կարող են անցնել միայն երեքը՝ «Միացյալ ցուցակը», «Ազգային միավորումը» և «Նոր միասնությունը»։ Reuters-ի փոխանցմամբ՝ սպասվում են բարդ կոալիցիոն բանակցություններ։

Ընտրություններն անցկացվել են Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին․ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քվեարկության անվտանգությունն ապահովելու նպատակով Լատվիա էին տեղափոխվել Գերմանիայի Բունդեսվերի կործանիչները։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է