88 տարեկան հասակում Մոսկվայում մահացել է խորհրդային հայտնի բժիշկ-պսիխոթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին։ Տեղեկությունը հաստատել են նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխն ու հեռուստալրագրող Անդրեյ Մալախովը։
Կաշպիրովսկին ծնունդով Ուկրաինայի Խմելնիցկիի շրջանից էր։ Ավելի քան երկու տասնամյակ Վիննիցայի հոգեբուժարանում որպես հոգեբույժ աշխատելուց հետո, նա համամիութենական ճանաչում ձեռք բերեց 1980-ականների վերջին, երբ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսեց անցկացնել «առողջարարական սեանսներ»։ Նրա «Տալիս եմ ձեզ հրահանգ․․․» (Я даю вам установку) հայտնի արտահայտությունը դարձավ դարաշրջանի խորհրդանիշներից մեկը։
Կաշպիրովսկին պնդում էր, թե ներշնչանքի և հիպնոսի միջոցով կարող է բուժել անգամ քրոնիկ հիվանդություններ։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին նրա և մեկ այլ հայտնի «էքստրասենս» Ալան Չումակի հեռուստասեանսները հավաքում էին միլիոնավոր հանդիսատեսների․ մարդիկ էկրանների առջև նույնիսկ ջրով լի տարաներ էին դնում՝ հավատալով, թե այն «լիցքավորվում է» դրական էներգիայով։
Գիտական համայնքն ու պաշտոնական բժշկությունը միշտ խիստ քննադատաբար և սկեպտիցիզմով են վերաբերվել նման մեթոդներին՝ արձանագրված արդյունքները վերագրելով ինքնաներշնչմանն ու պլացեբոյի էֆեկտին։ Հանրային առողջությանը հնարավոր վնասները կանխելու նպատակով՝ 1993 թվականին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն պաշտոնապես արգելեց զանգվածային հիպնոսի և պսիխոթերապիայի սեանսների հեռարձակումը ԶԼՄ-ներով։