Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են Խաչվերացի տոնը

13.09.2026 21:50
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են Խաչվերացի տոնը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Ստորեւ՝ այդ մասին Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունը։

Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազան Հայրն, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Խաչվերացը տխրության, սգի, տրտմության ու չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության ու բարձրացման:

Խոսելով Խաչվերացի տոնի պատմական իրադարձությունների մասին՝ Միքայել արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ինչպես մեր եկեղեցական ցանկացած տոն, Խաչվերացը ևս ասելիք ունի այսօրվա մարդուն։ Այն մեզ համար սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի իրողություն, որը միտված է փոխակերպելու մեզ, որպեսզի մենք նմանվենք մեր երկնավոր Հորը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է