Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի է ունեցել թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Մինչ գործող իշխանությունները խորհրդարանական լծակներով ու քննիչ հանձնաժողովներ ստեղծելով փորձում են թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռը շարունակում է հետևողականորեն իրականացնել ազգային-մշակութային ժառանգության պահպանման իր բացառիկ առաքելությունը։
Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված այս արհեստանոցը համալրվել է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով՝ Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչներ, թանգարանային ոլորտի մասնագետներ և ճապոնագետներ։ Ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքն է փոխանցել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, փոխդեսպան Անազավա Յոկոն և ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանն իրենց ելույթներում ընդգծել են նախագծի կարևորությունը։ Հատկանշական է, որ Վազգեն Յակուբյանը շեշտել է․ թանգարաններում պահվող արժեքները ժողովրդի ինքնության և պատմական հիշողության վկաներն են, իսկ նորարարական սարքավորումները կնպաստեն դրանց անխաթար պահպանմանը։
Նորաբաց արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա վերականգնել պահոցներում գտնվող հոգևոր ու մշակութային արժեքները և դրանք պատշաճ տեսքով ներկայացնել հանրությանը՝ էլ ավելի ամրապնդելով հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնությունը։