Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Մեկնարկել է քվեարկությունը․ 21 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

25.10.2026 12:50
Մեկնարկել է քվեարկությունը․ 21 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 08:00-ից, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և սահմանված կարգով մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը:  

Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան և Ստեփանավան համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, որտեղ քաղաքացիները ընտրում են ավագանի: Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում քվեարկությունն ընթանում է մեծամասնական ընտրակարգով՝ համայնքապետի և ավագանու անդամների ուղղակի ընտրության ձևաչափով:  

Ընտրատեղամասերում ընտրողների նույնականացման և գրանցման նպատակով գործարկվել է 972 տեխնիկական սարքավորում։ Գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ քվեարկությունն ու արդյունքների ամփոփումը լուսաբանում են 28 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Քվեարկությունն ավարտվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Ընտրությունների ընթացքին և պաշտոնական տվյալների թարմացումներին կարելի է հետևել ԿԸՀ պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան հարթակում։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է