Ռուսաստանի Դաշնությունն իր միջնորդական ծառայությունները չի պարտադրում Հայաստանին և Ադրբեջանին, սակայն պատրաստ է «ընկերաբար» աջակցել խաղաղության հասնելու գործընթացին, եթե կողմերը համապատասխան խնդրանքով դիմեն։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մեր միջնորդությունը գործընկերներին չենք պարտադրում։ Միշտ պատրաստ ենք ընկերաբար արձագանքել Երևանի և Բաքվի՝ խնդրվող աջակցությունը տրամադրելու խնդրանքին՝ Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության և բարօրության հասնելու նպատակով»,- նշել է ռուս դիվանագետը։
Ռուսական պարբերականն իր հոդվածում անդրադարձել է նաև հակամարտության պատմական ակունքներին ու վերջին տարիների զարգացումներին։ Հիշեցվում է, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու խնդրանքով։ Խորհրդային Միության փլուզումից և 1992-1994 թվականների զինված հակամարտությունից հետո Արցախը տասնամյակներ շարունակ գոյատևել է որպես չճանաչված հանրապետություն։
Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, որի արդյունքում հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից շրջաններն ու նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասը, ինչից հետո տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։
Հոդվածում նշվում է նաև, որ 2022 թվականից Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ Երևանն ու Բաքուն սկսեցին քննարկել խաղաղության պայմանագրի նախագիծը, իսկ 2023 թվականի մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններով՝ ներառյալ Արցախը։