Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդի մասին

22.10.2026 12:01
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդի մասին

Կառավարության հերթական նիստի ընթացքում  Փաշինյանը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի ամփոփած վերջին տվյալները, ըստ որոնց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետությունում աշխատաշուկայի ցուցանիշներով արձանագրվել է հերթական ռեկորդը։

Փաշինյանի փոխանցմամբ՝ միայն օգոստոս ամսվա համեմատությամբ սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է 15 հազարով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 39,751 աշխատատեղ կամ շուրջ 4.9 տոկոս։ Զուգահեռաբար արձանագրվել է նաև միջին ամսական աշխատավարձի աճ․ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այն ավելացել է 28,418 դրամով կամ մոտ 7 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ աշխատատեղերի հավելաճը կազմել է 311,480։ Նրա գնահատմամբ՝ այս ցուցանիշները տեսանելի են նաև տնտեսական առօրյայում, ինչը վկայում է երկրում առկա բավականին ակտիվ տնտեսական շարժընթացի մասին։ Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև արտահանման ոլորտին՝ նշելով, որ դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերն ապահովում են դրական առաջընթաց։

Մինչդեռ ոլորտի փորձագիտական շրջանակները շարունակում են վերապահումով մոտենալ ներկայացվող թվային տվյալներին։ Տնտեսագետների պնդմամբ՝ պաշտոնապես արձանագրվող հավելաճի առասպելական թվերի գերակշիռ մասը ձևավորվում է ոչ թե իրականում նոր ստեղծված աշխատատեղերի, այլ ստվերային տնտեսությունից դեպի օրինական հարկային դաշտ բերված աշխատողների հաշվին, իսկ բուն նոր աշխատատեղերի մասնաբաժինն այդ ցուցանիշում համեմատաբար փոքր է։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է