ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՎրոպական Միություն համագործակցության օրակարգն ու տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը ինչպես այդ գործընթացում, այնպես էլ երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ իշխանությունների ծրագրերին և տարբեր ոլորտներում գործընկերության ընդլայնմանը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։
Հատկանշական է, որ ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ֆոն դեր Լայենը հայտարարել էր Հարավային Կովկասում ենթակառուցվածքային ծրագրերի համար մինչև 2 միլիարդ եվրո ուղղելու, ինչպես նաև Հայաստանի առևտրային կապերի դիվերսիֆիկացման նպատակով լրացուցիչ 18 միլիոն եվրո տրամադրելու մտադրության մասին։