Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Պետք է սպասել ոստիկանությանը»․ Փաշինյանը Շաքիի դեպքը որակել է սովորական կրիմինալ միջադեպ

07.10.2026 18:36
«Պետք է սպասել ոստիկանությանը»․ Փաշինյանը Շաքիի դեպքը որակել է սովորական կրիմինալ միջադեպ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ ու լարված բանավեճ է տեղի ունեցել Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից հայ կնոջ վրա կրակելու աղմկահարույց միջադեպի շուրջ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ադրբեջանցի ահաբեկչի «փաստաբանությամբ» զբաղվելու մեջ՝ հարցնելով, թե արդյոք պատրաստվում են դատապարտել իր երեխաներին հերոսաբար պաշտպանած ու ինքնապաշտպանված Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին։

Փաշինյանն արձագանքել է, որ ընդդիմության իշխանության պարագայում այս դեպքի պատճառով երկրում ռազմական դրություն կհայտարարվեր և բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի։ Դիմելով քաղաքացիներին՝ նա նշել է, որ թեև մայրական բնազդը երբեմն ամեն ինչից ուժեղ է, սակայն ոստիկանություն զանգահարելուց հետո պետք է սպասել իրավապահների գործողություններին։

Նրա պնդմամբ՝ տեղի ունեցածը սովորական կրիմինալ միջադեպ է, որոնք, ցավոք, Հայաստանում տեղի են ունենում ամեն օր։ Նա նաև հավելել է, որ եթե տանտերերը սպասեին ոստիկանության գալուն, մեծ հավանականությամբ բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա, և հիշեցրել, որ Հայաստանում բազմաթիվ անձինք կան դատապարտված պետական սահմանն ապօրինի հատելու համար։

Պատգամավոր Արեգա Հովսեփյանը, հակադարձելով նրան, արձանագրել է, որ իշխանության ղեկավարը փաստացի հայտարարում է, թե քաղաքացին չպետք է տրվեր մայրական բնազդին ու պաշտպաներ երեխաներին, այլ պետք է սահմանափակվեր միայն ոստիկանություն զանգահարելով։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է