Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Քաղաքական հաշվեհարդարը հասել է կալանավայրեր. ազգային օրակարգի ուժերի համատեղ հայտարարությունը

10.11.2026 17:01
Քաղաքական հաշվեհարդարը հասել է կալանավայրեր. ազգային օրակարգի ուժերի համատեղ հայտարարությունը

Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան ողբերգական դեպքին։

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:

Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է: Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք:

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները:

• Խիստ կերպով դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը:

• Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը:

• Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեգրող քաղաքական հետապնդումների պրակտիկային:

Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը: Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է