Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»

17.10.2026 12:37
Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Մինչ այդ նա բնակվում էր Երևանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ կառավարական առանձնատանը վերջին տարիներին բնակվել է ընդամենը 4 պաշտոնյա՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը: Այժմ Ալեն Սիմոնյանին, ով օգոստոսին լքել էր կեցավայրը, սեպտեմբերին փոխարինել է Ռուբինյանը, թեև օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին բնակվել այնտեղ:

Ըստ հրապարակման՝ կառավարական կեցավայրում բնակվում են բացառապես վարչապետի ցանկությամբ, ինչը լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար, ինչպես նաև վկայում է աշխատանքից դուրս սերտ շփումների մասին։

Հոդվածում նաև հիշեցվում է, որ 2025 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատներ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 621 միլիոն դրամ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է