Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Շնորհավորել է Արցախի բռնազավթման կապակցությամբ»․ Քադիրովը Բաքվում հանդիպել է Ալիևին

11.10.2026 11:39
«Շնորհավորել է Արցախի բռնազավթման կապակցությամբ»․ Քադիրովը Բաքվում հանդիպել է Ալիևին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Բաքու կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտարարելով, թե ի սրտե շնորհավորում է եղբայրական ադրբեջանցի ժողովրդին Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման կապակցությամբ։ Ռուսաստանցի պաշտոնյան այդ իրադարձությունն անվանել է մեծ նշանակություն ունեցող՝ հավելելով, թե կիսում է բարեկամ ժողովրդի ուրախությունը։

Քադիրովի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, որտեղ կողմերն առանձնահատուկ ընդգծել են Հեյդար Ալիևի և Ախմատ Քադիրովի դերը երկկողմ հարաբերությունների ձևավորման գործում։ Ադրբեջանի ղեկավարն իր հերթին բարձր է գնահատել Չեչնիայի հաջողությունները՝ անվտանգության ապահովման և սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ։

Այցի շրջանակում Ռամզան Քադիրովի և նրա գլխավորած պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Բաքվում, ինչպես նաև պաշտոնական ճաշ։ Չեչնիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ Ադրբեջանն անվանելով մոտ և եղբայրական երկիր։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է