Հոկտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Սամվել Կարապետյանի գլխավորած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորկյանը և կուսակցության ևս 13 կողմնակից ու ներկայացուցիչ վաղ առավոտից ձերբակալվել են։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է քաղաքական հալածանքների մասին․
«Վաղ առավոտից ականատես եղանք «ժողովրդավարության» հերթական դրսևորմանը։ Ստեփանավանում լայնամասշտաբ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 14 ձերբակալված կողմնակիցներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորկյանը»։
Միևնույն ժամանակ, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ձերբակալությունների իրավական հիմքերը։ Ըստ իրավապահ մարմնի՝ 14 քաղաքացիները ձերբակալվել են խմբի կազմում ընտրակաշառք տալու, ստանալու և օժանդակելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ավագանու թեկնածուների և կուսակցության անունից հանդես եկող այլ անձանց օժանդակությամբ, նույն համայնքի տարբեր բնակավայրերի տասնյակ ընտրողների ընտրություններին մասնակցելու և հօգուտ նշված կուսակցության քվեարկելու պայմանով ընտրակաշառք է տվել։